ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի դատախազության՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ իրականացվող դատական գործընթացներում համագործակցելու՝ Հայաստանին արված առաջարկը հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա ու լրացուցիչ քաղաքական լծակ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ընթացքում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի դատախազության՝ Բաքվի բանտերում պահվող ԼՂ-ի նախկին պաշտոնյաների դատական գործընթացների ժամանակ համագործակցելու համար Հայաստանին արված առաջարկին։
Մենաբանելով վերոնշյալ առաջարկը և այն, թե այդ հարցին Հայաստանն ի՞նչ արձագանք կտա՝ Բեգլարյանը նշեց․ «Սա հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա»։
Բեգլարյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմն այս առաջարկով Հայաստանին փորձում է դնել այնպիսի պայմաններում, որ Հայաստանը լինի մերժող կողմը, և միջազգային հանրությունը դիտարկի, թե Հայաստանն այս հարցում, իբրև թե, ապակառուցողական է։
«Ադրբեջանն այս առաջարկով փորձում է նաև ձևացնել, թե տեղի ունեցողն ուղղակի շոու չէ, և իրենք պատրաստ են համագործակցել, տվյալներ փոխանակել, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից տվյալներ վերցնել։ Մյուս կողմից, սա Հայաստանի համար նաև հնարավորություն է, որ նմանատիպ հարցերը վեր հանվեն, և Բաքվում գտնվող մեր բոլոր գերիների հարցերով ՀՀ-ն ավելի ակտիվ գործողություններ կատարի, և այդ հարցը դարձնի բանակցությունների թեմա»,-ասաց Արտակ Բեգլարյանը։
Վերջինիս դիտարկմամբ՝ սա նաև հնարավորություն է քննարկել հակամարտության ընթցաքում՝ սկսած 1980-ական թվականների վերջից, այն բոլոր հնարավոր փոխադարձ մեղադրանքները, որոնք կան նաև Հայաստանի կողմից՝ հատկապես վերջինիս՝ Միջազգային քրեական դատարանին անդամակցելուց հետո։
«Եթե Հայաստանի Հանրապետությունը նմանատիպ հակընդդեմ առաջարկով հանդես գա, ապա ես վստահ եմ, որ սա տանելու է փակուղի, և ադրբեջանական կողմն է ստիպված լինելու մերժել, որովհետև ադրբեջանցիները պատրաստ չեն որևէ հարցում համագործակցել։ Նրանց համար «հայերը մեղավոր են», իսկ «ադրբեջանցիները որևէ հանցագործություն չեն կատարել»։ Հայաստանն այստեղ հնարավորություն ունի ավելի հիմնավորված, փաստարկված ցույց տալ ինչպես Բաքվում գտնվողների մեղքի բացակայությունն, այնպես էլ ադրբեջանական զինվորականների կամ պաշտոնյաների կատարած հանցագործությունները և դրանց հետաքննության անհրաժեշտությունը»,-ընդգծեց Արտակ Բեգլարյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին առաջարկել էր համագործակցել Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով:
Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, այդ թվում՝ փաստաբանների հասանելիության առումով․ ընտանիքները որևէ կապ չունեն, որևէ փաստաթղթեր չեն ստանում իրենց հարազատների վերաբերյալ, տեղյակ չեն, թե ինչ մեղադրանքներ են ներկայացված իրենց հարազատներին, երբեմն շատ կարճ ժամանակով զանգ են ունենում և բավականին սահմանափակ տեղեկություններ են կարողանում փոխանակել նրանց հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ընթացքում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ խոսելով Բաքվի բանտերում ապօրինաբար և շինծու մեղադրանքներով պահվող հայ գերիների պահման պայմանների մասին։
Վերջինիս խոսքով՝ ակնհայտ է, որ Բաքվում պահվող հայ գերիներն այնքան կաշկանդված են, որ չեն ցանկանում խոսել քրեական գործերից։
«Ես դեպքեր գիտեմ, որ ընտանիքների հետ երբեմն կապ լինում է՝ հիմնականում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության շնորհիվ, իսկ հայ գերիների՝ ընտանիքի անդամների հետ կապ հաստատելուց հրաժարվելը կարող է դրվագային լինել․ ես, գոնե, այնպիսի դեպք չգիտեմ, որ ընդհանրապես կապ չունեն ընտանիքների հետ կամ երկար ժամանակ չեն ունեցել այդ կապը։ Հաշվի առնելով նախկինում եղած փորձը՝ ենթադրում եմ, որ նրանք ոչ թե հրաժարվում են, այլ ադրբեջանական կողմն է արգելում՝ ընտանիքների անդամներին ներկայացնելով, թե, իբր, հարազատն է հրաժարվում»,-ընդգծեց Բեգլարյանը։
Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ Ադրբեջանը որոշ ժամանակ առաջ հայ գերիների հետ կապված կտրուկ քայլերի չէր գնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքուն ցանկանում էր COP29-ը միջազգային գագաթնաժողովի ժամանակ համաշխարհային հանրությանը ներկայանալ որպես «խաղաղության կողմնակից»։
«Ադրբեջանը նաև կտրուկ քայլերի չէր գնում մինչև COP29-ը, որպեսզի լրացուցիչ կտրուկ արձագանքի չարժանանար։ Իսկ հիմա, երբ կլիմայական գագաթնաժողովն արդեն ավարտվել է, պետք է սպասենք ավելի տեսանելի շոու ներկայացումների»,-շեշտեց Արտակ Բեգլարյանը։