ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉ / ՀՐԱՎԵՐ

Բաքվում ընթանում են մեր գերեվարված հայրենակիցների «դատավարությունները», առաջիկայում մեկնարկելու են Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության և մեր մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարությունները»:

Այսու մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերեվարված մեր հայրենակիցներին այս վճռական ժամին՝ հասկանալով հանդերձ, որ Բաքվում բռնությամբ կորզված որևէ այսպես կոչված «ցուցմունք» չի կարող հիմք հանդիսանալ մեր կարծիքի փոփոխության և մեր գործողությունների վերանայման համար: Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչպիսի՛ պայմաններում են կորզվել բոլոր հնարավոր «ցուցմունքները» և թե ինչ ճնշման տակ են գտնվել ու շարունակում մնալ մեր բոլոր պատանդները:

Մենք միասնական ենք Բաքվի պատանդառած մեր հայրենակիցներին աջակցության հարցում՝ վստահեցնելով, որ մենք նրանց կողքին ենք, և որ Բաքվի որևէ ճնշում չի կարող սասանել ո՛չ մեր աջակցությունը, և ո՛չ էլ Հայաստանի ու հայ ժողովրդի կամքը՝ սեփական պետությանը և սեփական քաղաքացիներին տեր կանգնելու և վերջիններիս Հայրենիք վերադարձնելու համար:

Կոչ եմ անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, ձեր անվերապահ աջակցությունը հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին, ինչպես նաև ի մի բերելու իրենց տեղեկատվական և կազմակերպչական բոլոր միջոցները՝ այս հարցում միասնություն և արդյունավետ ընթացք ապահովելու համար։

Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…

Բագրատ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆ

09 հունվարի, 2025թ.

Ամբողջականը՝ https://www.facebook.com/share/v/1Fx3jTdzHW/


Կոչ եմ անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, ձեր անվերապահ աջակցությունը հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին

ՄԵԶ ԲԱՆՏԱԿԻՑ ԶԳԱԼՈՎ…

«…Աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիների ազատում քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու…» (Ղուկ. Դ:18-19):

Մեր Տեր Հիսուս Քրիստոս, մարգարեին հղում կատարելով, խորքային նկարագրում և բնորոշում է անկում ապրած հասարակության էությունը՝ աղքատացած և արժեքներից զրկված, սրտով բեկված, կուրացված, գերեվարված, կեղեքված, որն ընդունակ չէ որևէ իրագործումի և դեգերում է քաոսի և անորոշության բավիղներում: Սակայն, մյուս կողմից, մեր Տերն Ինքն իսկ առաջարկում է դեղամիջոցը և քայլ առ քայլ՝ աստիճանական կամ ամբողջական լուծման ճանապարհը.

ա) ավետարանել,

բ) բժշկել,

գ) ազատություն քարոզել,

դ) տեսողություն կամ արթնություն, այսպիսով՝

ե) ազատագրել կամ ազատագրվել

և վերջապես հասնել Տիրոջը ընդունելի տարին հռչակելուն, այսինքն՝ հաղթանակի և կատարյալ ազատության:

Մեր այս շատախոսիկ և շատ հաճախ դատարկախոսիկ իրականության մեջ, երբ հասարակությունը ենթարկվում է գրեթե ամենօրյա տեղեկատվական ահաբեկության թե՛ կեղծ լուրերի և թե՛, առավել սարսափելին, կեղծ օգտահաշիվների կողմից, որը միտված է մարդուն զրկելու հասարակական պատասխանատվություն ստանձնելու քաջությունից, գրեթե մոռացության է մատնված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և ընդհանրապես հայ գերիների՝ Բաքվի բանտերում տառապանքի մատնված լինելու հանգամանքը:

Մեր պատիվը

Բաքվում ընթանում են մեր գերեվարված հայրենակիցների «դատավարությունները», առաջիկայում մեկնարկելու են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մեր մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարությունները»։

Ի՞նչ է սա նշանակում մեզ համար։ Ի՞նչ է նշանակում Հայաստան պետության համար, Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների, ընդհանրապես հայ հանրության և մեզանից յուրաքանչյուրի համար։

Մենք կցկտուր տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են պահվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները և մեր մյուս հայրենակիցները Բաքվի բանտերում։ Հայաստան պետությունը՝ ի դեմս այսօրվա «իշխանությունների», ոչ միայն տեր չկանգնեց իր զավակներին, այլև, ըստ ամենայնի, խրախուսում է նրանց պատանդառության հանգամանքը։ Սակայն հայ ժողովուրդը, հայ հասարակությունը և հայկական սփյուռքը նույնական չեն այսօրվա իշխանությունների հետ, և մեր պատասխանը, մեր վերաբերմունքը պետք է միանգամայն տարբեր լինեն այն վախվորած, դավաճանական և թշնամական շահերից բխող գործելակերպից, որը որդեգրել են այսօրվա «իշխանությունները»։

Մենք տեղյակ չենք նաև, թե ինչ ցուցմունքներ է Բաքուն փորձել կորզել նրանցից և ինչի է ցանկանում հասնել: Բայց պարզից էլ պարզ է, որ գերեվարվածների հետ Բաքուն վարվում է այնպես, ինչպես ցանկանում է՝ ականջալուր չլինելով որևէ միջազգային արձագանքի: Այսուհանդերձ, պետք է շատ լավ հասկանանք, որ Բաքվում բռնությամբ կորզված որևէ, այսպես կոչված, «ցուցմունք» չի կարող հիմք հանդիսանալ մեր կարծիքի փոփոխության և մեր գործողությունների վերանայման համար։ Մենք պիտի շատ լավ պատկերացնենք, թե ինչպիսի´ պայմաններում են կորզվել բոլոր հնարավոր «ցուցմունքները», և թե ինչ ճնշման տակ են գտնվել բոլոր պատանդները։ Սա նշանակում է, որ Բաքուն շարժվում է միայն սեփական հստակ օրակարգով, որը կարող է բովանդակել ամեն ինչ՝ բնականաբար դեմ լինելով Հայաստանի և Արցախի շահերին։ Այսինքն՝ այս դատավարությունները մեծ վնասներ և սպառնալիքներ են պարունակում, որոնց դիմագրավելուն մենք պետք է պատրաստ լինենք։

Մեր անելիքը

Ըմբռնելով հանդերձ մեր հասարակական կյանքի հոգևոր և քաղաքական կաթվածահարության աստիճանը, տեղեկատվական գրոհներն ու ահաբեկչությունը.

Ա. Կոչ եմ անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, ձեր անվերապահ աջակցությունը հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին։

Բ. Աջակցության բովանդակությունը պետք է լինի շատ հստակ. Հայ ժողովուրդը միասնական է Բաքվի պատանդառած իր հայրենակիցներին զորակցության հարցում՝ վստահեցնելով, որ մենք նրանց կողքին ենք, և որ Բաքվի որևէ ճնշում չի կարող սասանել ո´չ մեր աջակցությունը, և ո´չ էլ Հայաստանի և հայ ժողովրդի կամքը՝ սեփական պետությանը և սեփական քաղաքացիներին տեր կանգնելու համար՝ ի տես աշխարհի, ի տես մեր ներքին և արտաքին բոլոր թշնամիների՝ հավաստելով, որ մենք տեր ենք մեր հայրենակիցներին, և որևէ թշնամական դատավարություն չի կարող մեզ ջլատել և մեր կարծիքը փոխել նրանց մասին։

Դ. Կոչ եմ անում բոլոր կարող կազմակերպություններին և անհատներին՝ Հայաստանում և սփյուռքում ի մի բերելու իրենց տեղեկատվական և կազմակերպչական բոլոր միջոցները՝ այս հարցում միասնություն և արդյունավետ ընթացք ապահովելու համար:

Զ. Այս խնդրի շուրջ տարակարծություններ չպետք է լինեն՝ պայմանավորված քաղաքական կամ որևէ այլ դիրքորոշումով:

Ձեզ զգացեք նրանց փոխարեն… Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ..

«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ» (Եբր. ԺԳ 3):


Armenian archbishop voices support for Artsakh leaders facing sham trials in Baku

Archbishop Bagrat Galstanyan has expressed support for Artsakh’s military and political leaders, as well as other Armenian prisoners illegally held in Azerbaijan, who are facing sham trials in Baku.

In a message shared on social media, the Holy Struggle movement leader emphasized that Armenian prisoners were under pressure from Azerbaijani authorities to provide false testimonies.

“We stand united in supporting our compatriots held captive in Baku, assuring them that we stand with them and that no pressure from Baku can weaken our resolve or the determination of Armenia and the Armenian people to defend their state, citizens and bring them back to their homeland,” he said.

Galstanyan also called on the people of Armenia and the Diaspora, as well as public and political organizations and activists, to voice unwavering support for Armenian prisoners.